Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառով մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես ասել է. «Նրանք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն և մենք բավարարել ենք դիմումը, ներկայումս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում: Պետք է դատապարտյալին հանձնման պրոցեսը երկարատև է, մենք էլ, երբ հանձնում ենք կատարում, ամիսներ է պետք գործընթացն իրականացնելու համար»»: 

Ըստ նախարարուհու՝ նախարարությունը հարազատների հետ կապի մեջ է և նրանց էլ տեղեկատվություն տալիս են, բայց դրանք աշխատանքներն են, որ կատարվում են կուլիսներում:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ թե՛ իր պաշտոնավարման 100-օրը լրանալու, թե՛ տարին ամփոփելու շրջանակում: 

«Արդարադատություն ՀՀ-ում կա, բայց այն շատ խնդիրներ ունի ու կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ դուք, թե՛ ես. միայն նախարարը չէ պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով ՀՀ-ում գոյություն ունի արդարադատություն:

Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ բավականին բարդ է գլխավորել մի ոլորտ, որտեղ, ինչպես բոլորն են ասում, արդարության հետ կապված տաբեր ընկալումներ կան: