-Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում:
-Ոչ միայն կարելի է, այլեւ ցանկալի է: Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:
-Սեքսը կարո՞ղ է վնասել պտղին:

-Սեռական հարաբերության ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին եւ նրան «թաքցրել» մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:
-Արդյոք հղիության ընթացքում չի՞ նվազում սեռական ցանկությունը:

-Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները:

Հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել` պայմանավորված վերջինիս սեքսուալ ակտիվությամբ եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումներով: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

http://blognews.am/arm/news/330772/seqsy-hxiutyan-yntacqum-kareli-e-te-och.html