Իմ թանկագին երեխաներ:
Վաղը դուք ինձ հյուր եք գալու, որովհետև իմ ծննդյան օրն է: Դուք կտեսնեք, որ ես ծերանում եմ: Խնդրում եմ, հանդուրժող եղեք և փորձեք հասկանալ, թե կյանքի ինչ փուլով եմ հիմա ես անցնում…
Եթե ես կամ հայրիկը ձեզ պատմենք մի բան, որը պատմել ենք մեկ տարի առաջ, եթե կրկնենք նույն պատմությունները՝ չընդհատեք մեզ… Ուղղակի լսեք, խնդրում եմ: Փորձեք հիշել այն ժամանակները, երբ դուք փոքր էիք, և ես ձեզ համար կարդում էի միևնույն հեքիաթը նորից ու նորից՝ մինչև դուք քնեք:
Երբ ես ասում եմ, որ չեմ ցանկանում լոգանք ընդունել, մի բարկացեք և մի ստիպեք: Ավելի լավ է հիշեք, թե ինչպես էինք փոքր ժամանակ ձեզ համոզում, որ լոգանք ընդունեք: Դուք այնքան էլ չէիք սիրում լոգանք ընդունել, այդպես չէ՞:
Երբ դուք տեսնում եք, որ ես գլուխ չեմ հանում նոր տեխնոլոգիաներից՝ ուղղակի ժամանակ տվեք ինձ սովորելու համար: Հիշո՞ւմ եք, թե ես ինչպես էի ձեզ համբերատար ինչ-որ նոր բան սովորեցնում: Հիշեք, թե ինչպես էի ձեզ սովորեցնում ինքնուրույն հագնվել, սանրվել, և լուծել կյանքի կարևոր խնդիրները… Կգան օրեր, երբ դուք ավելի ու ավելի շատ կզգաք, որ ես ծերանում եմ: Խնդրում եմ, համբերատար եղեք: Եվ փորձեք հասկանալ, թե ինչի միջով եմ ես ստիպված լինում անցնել՝ փորձելով գլուխ հանել ձեր գաջետներից և սկայպից…
Ուղղակի իմացեք, որ ինձ համար կարևորը՝ միշտ ձեր կողքին լինելն է: Դուք միշտ իմ սրտում գլխավոր տեղն եք զբաղեցնում…
Երբ ես չկարողանամ քայլել այնպես արագ, ինչպես դուք եք քայլում, ուղղակի ձեր ձեռքը տվեք ինձ, և հարմարեցրեք ձեր քայլերը իմ քայլերին: Ես հենց այդպես էի անում, երբ դուք նոր էիք սկսում քայլել… Եվ այդ օրերին ես տխուր չեմ եղել:
Ուղղակի մի փոքր ինձ հետ եղեք: Փորձեք ինձ հասկանալ: Հնարավորություն տվեք ինձ ապրել իմ կյանքը մինչև վերջ՝ սիրո և հոգատարության մեջ: Ես ձեզ հետ անցկացրած ժամանակը որպես պարգև եմ ընդունում:
Մեծ սիրով և լայն ժպիտով, ես ավարտում եմ իմ նամակը: Ուղղակի ուզում եմ հիշեցնել ձեզ. «Ես ձեզ սիրում եմ», իմ քաղցր բալիկներ: