Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում նշվում է զորամիավորման ստեղծման 74-րդ տարեդարձը:

«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են զորախմբի հրամանատարությունը, Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի վարչակազմի, վետերանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:

Հանդիսականների առջև համերգային ծրագրով ելույթ են ունեցել զորամասի և Գյումրիում ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ դպրոցի գեղարվեստական ու ստեղծագործական կոլեկտիվները: Ռազմահայրենասիրական ակումբը և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հանդես են եկել ձեռնամարտի նոր ցուցադրական ծրագրով:

Տոնական միջոցառումն ավարտին հյուրերին մատուցվել է զինվորական շիլա, ինչպես նաև ցուցադրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, նոր հանդերձանքի և հետախուզության ու կապի համալիրների ժամանակակից նմուշներ: