«Վատ» մենեջմենթի մի մասը պարտադրվում է «Արմավիա» ավիաընկերությանը արտաքինից, ընդ որում նրանց կողմից, ովքեր հետո քննադատում են ավիաընկերությանը դրա համար»,- այսպիսի եզրահանգման է հանգել «Արմավիա»-ն՝ վերլուծելով ավիափոխադրումների ոլորտում ստեղծված իրավիճակը:

Հենց այդ իրավիճակն էլ, ընկերությունում կատարված վերլուծության համաձայն «Արմավիա»-ի «գործունեությունը դարձնում է ոչ միայն անշահութաբեր, այլև անհնարին»:

Եվ, այդուհանդերձ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավիաընկերությունը մտադիր է շարունակել իր գործունեությունը հայաստանյան շուկայում, չնայած այն հանգամանքին, որ դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էր գործունեությունը դադարեցնելու և սնանկ ճանաչվելու գործընթաց սկսելու մասին:

«Արմավիա»-ն նաև «ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմանների» փաթեթ է մշակել և ներկայացրել Կառավարություն:

Այս առաջարկների մեջ «Արմավիա»-ն պատրաստակամություն է հայտնում վաճառել իր բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում դրանից 24,1 %-ը առաջարկում է պետությանը, մնացած 49,9%- ը առաջարկում է վաճառել «այդ թվում նաև արտասահմանյան ներդրողներին»:

Ի դեպ, «Արմավիա»-ն չի թաքցնում, որ արդեն «գտել է համաներդրող, սակայն չի կարող սկսել ընկերության վերակազմավորումը, քանի որ սպասում է պետությունից հանդիպակաց քայլերի»:

Թե ինչ ընկերության մասին է խոսքը, «Արմավիա»-ում դեռ չեն գաղտնազերծում:

Կառավարությանը ներկայացրած առաջարկությունների փաթեթում, «Արմավիա»-ն նաև իր դժգոհությունն է հայտնում սահմանված հարկերի, տուրքերի ու սակագների բարձր լինելուց:

Այսպես, օրինակ, ընկերությունն իր դժգոհությունն է հայտնում 10 000 դրամ այսպես կոչված «օդի հարկից» և առաջարկում դուրս բերել այն ավիատոմսերի արժեքից: Առաջարկում է նաև «Օդերևութաբանական տեղեկատվությունը» բացառել, որպես առանձին ծառայության տեսակ և այն ներառել ընդհանուր աէրոնավիգացիոն ապահովման ծառայության մեջ:

Ընկերությունն առաջարկում է տեղական փոխադրողի համար սահմանել 30 % զեղչ ՀՀ օդանավակայանների ծառայություններից օգտվելու և վարձակալվող տարածքների համար:

Միաժամանակ, «Արմավիա»-ն առաջարկում է Կառավարությանը ավիաընկերություններին ընձեռել ինքնուրույն ավիացիոն վառելիք ձեռք բերելու հնարավորություն և վճարել օդանավակայանին միայն ավիավառելիքի պահպանման և լիցքավորման ծառայությունների դիմաց:

Նշենք, որ ներկայում «Արմավիա»-ն վառելիք է ձեռք բերում բացառապես օդանավակայանից` վերջինիս սահմանած սակագնով:

Հիշեցնենք, ընկերությունն իր առաջարկությունները Հանրային Խորհրդի միջնորդությամբ ներկայացրել է Կառավարություն և այժմ սպասում է արձագանքի:

«Փաստինֆո»