«ՉԻ» հունվարի 11-ի համարում «Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետին» վերնագրի ներքո անդրադարձել էինք դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած պատմությանը: Համաձայն դրա՝ էջմիածինցիներն ականատես էին եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:

Եվ ահա այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Ասել է թե՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա: Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն և հին ՀՀԿ-ական է: Կարելի է ասել՝ Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերը:

Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ ՀՀԿ-ական էին և իրենց համարում էին Գարեգին Նժդեհի ուսմունքի հետևորդ:

Խոսակցություններ կան, որ հին ՀՀԿ-ականները որոշել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին իսկ հնարավորության դեպքում՝ շոշափել տեղի ունեցածը՝ ակնարկելով գեներալ Մանվել Գրիգորյանի սանձերը ձգելու հարցը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: