Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հարցաքննությունը սկսվելու է զրոյից, քանի որ նոր դատախազ Մուամմեր Աքքաշը հավաքել է տասնյակ նոր վկայություն և խնդրել է կրկին հարցաքննել գլխավոր վկաներին: Այս մասին գրում է Hurrietdailynews գործակալությունը:

Աքքաշը, որը նախկինում Էրգենեկոնի` պետական հեղաշրջման գործով դատավարության հիմնական դատախազներից է եղել, որոշել է խորացնել Դինքի սպանության հետաքննությունը:Տաս նոր վկա, այդ թվում ոստիկաններ և ժանդարմերիյաի ներկայացուցիչներ իրենց վկայություններն են տվել:

Դատախազությունը նաև վերլուծել է սպանության գործի մեջ գլխավոր վկաների ցուցմունքները: Այդ թվում կարելի է նշել Օգուն Սալմաստին և Յասին Հայալին, որոնք մեղադրվում են սպանությունը կազմակերպելու մեջ, Էրսին Յոլջուին և Ահմեդ Իսկենդերին, որոնք մեղադրվում են որպես սպանության հանցակիցներ և Էրհան Թունջելին, որը նախկինում մեղադրվում էր սպանության մեջ, սակայն արդարացվել է:

Հինգ տարի տևած դատավարության ժամանակ դատարանը 2012 թվականի հունվարի 17-ին որոշում էր ընդունել, որ սպանության կազմակերպման մեջ պետության դերը մեծ չի եղել հակառակ այն բանի, որ սպանության մեջ ներքաշված էին մի շարք պետական գործիչներ: Դատարանի վճիռը բողոքարկվել է Գերագույն վճռաբեկ դատարան, որի որոշմամբ նոր հետաքննություն է:

Հիշեցնենք, որ Ակոսի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում գտնվող իր գրասենյակի առաջ: