Մեր բանակը զինվորների քանակի բանակ չէ, մեր բանակը խելացի գործող բանակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց. «Մեր բանակը պատրաստված է՝ օգտագործելով աշխարհագրական դիրքը և առաջնագծի կահավորվածությունը՝դոմինանտ է հակառակորդի նկատմամբ»:

Հանդիպումը գրողների նախաձեռնությամբ էր, ովքեր պաշտպանության ոլորտի գործչին հարցեր ունեին՝ վերաբերող բանակին, ՀՀ անվտանգությանը:

Փոխնախարարը մինչև հարցերին անդրադառնալը նշեց, թե գնալով ավելի են սրվում ռազմական գործողությունները սահմանին և կիրառվում են մեծ տրամաչափի զենքեր:

«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և վերսկսման հնարավորությունն արդեն ի սկզբանե վերահաշվարկված է և համապատասխան գործողություններով պլանավորված: Ժամանակի առումով կարող է սոցիալական վիճակը իրավիճակը սրացնել կամ էլ սառեցնել, բայց զինվորականների համար դա մեծ նշանակություն չի ներկայացնում, մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ վաղը»,- մանրամասնեց նա: