2016 թվականի հունվարի 22-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի: Դատական նիստն սկսվեց նախատեսվածից 30 րոպե ուշացումով: 2016 թվականի հունվարի 22-ի դատական նիստին չէին ներկայացել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը և Երվանդ Վարոսյանը:
Դատական նիստի սկզբում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը միջնորդեց քննվող քրեական գործին կցել ամբողջ քրեական գործը՝ ներառյալ ռուսական կողմի կատարած քննության նյութերը: Կողմերը միացան միջնորդությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, միանալով միջնորդությանը, նշեց, որ Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, բայց միաժամանակ ռուսական կողմը նրան մեղավոր է ճանաչել այդ նույն զենքի ապօրինի դուրսբերման ու մարտական հերթապահության վայրը լքելու հիմքով: Այն հանգամանքը, թե ինչու է Պերմյակովը զենքը վերցրել ու դուրս եկել ռազմաբազայի տարածքից, ուղղակի առնչություն ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության հանգամանքների հետ:
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության հարցի լուծումը, ինչն առաջացրեց դատավարության կողմերի դժգոհությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը հանդես եկավ հայտարարությամբ, որով արձանագրեց, որ դատավորը նման վարքով հանդես է գալիս որպես դատավարության կողմ, և կայացված որոշումները չեն բխում դատավարության մասնակիցների շահերից:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նշեցին, որ նման պայմաններում հնարավոր չէ ունենալ կատարված հանցագործության ամբողջական պատկերը: Մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Մեղադրյալ Վ. Պերմյակովն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանն անցավ գործով ներգրավված վկաների հարցաքննությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը միջնորդեց, որ վկաների ցուցմունքերը չհրապարակվեն ուղիղ եթերով, կողմերը չառարկեցին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունքներ տվեցին տուժողների իրավահաջորդներ Ռիտա Պետրոսյանը և Անդրանիկ Պողոսյանը: Ռիտա Պետրոսյանն իր ցուցմունքում նշեց, որ այն պահին, երբ ինքը այցելել է Ավետիսյանների տուն, ժամը 12-ի կողմերն է եղել, և չնայած նրան, որ հարևանները միշտ օրվա այդ ժամին անցուդարձ են արել և ավելի աշխույժ են եղել, այդ օրը հարևաններից ոչ-ոք մոտակայքում չէր երևում, ինչը տարօրինակ է: Արձանագրենք, որ մտահոգիչ է նաև հարևանների կողմից կրակոցների ձայնը չլսելու հանգամանքը: Գործով ներգրավված մյուս վկաները ինքնազգացողության վատացման պատճառով չկարողացան մասնակցել հարցաքննությանը: Դատական նիստը հետաձգվեց:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին: