«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թերթի թղթակիցը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, թե բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ֆինանսական արդեն հայտնի բուրգի գործով ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, այդ գործով հարցաքննվե՞լ է արդյոք Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա հարազատները, այլ բարձրաստիճան ոստիկաններ, թե ոչ:

Ստացվել է հետևյալ պատասխանը. «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ Ոստիկանությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ։ Հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրգործ ՀՀ Քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213-րդ հոդվածի 1-ին մասով (Վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ): Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քննության շահերից ելնելով՝ նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում»։

Այլ կերպ ասած, մեր բոլոր պնդումները և նախկինում ներկայացրած փաստերը ըստ էության հաստատվում են։ Քրօրի վերը նշված հոդվածները բնորոշում են «ֆինանսական բուրգը», իսկ այն որ այդ բուրգը ստեղծվել և «շահագործվել է» ՀՀ Ոստիկանության «առանձին բարձրաստիճան պաշտոնյաների» կողմից, պարզ և հստակ ձևակերպել է ՀՔԾ-ն։ Այսպիսով, ՀՔԾ-ից ստացված այս պատասխանը «ֆինանսական բուրգի» գոյության աոաջին պաշտոնական հաստատումն է:

Սա հենց այն պատմությունն է, որի շրջանակներում պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Սա ուշագրավ է հատկապես՝ ՀՀ Ոստիկանության ընդամենը մի քանի օր առաջ տարածած հաղորդագրության ֆոնին։ Արձագանքելով նման «կառույցի» գոյության մասին մեր հրապարակմանը՝ ոստիկանությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները…։»։

Կամաց-կամաց հաստատվում են նաև մեր ներկայացրած տեղեկությունները՝ Նազարյանի ընտանիքին պատկանող սուպերմարկետների ցանցի՝ «Մոսկվիչկայի» մասին։ Ակնարկել էինք, որ այդ ցանցի գործերը այնքան էլ լավ չեն և սուպերմարկետները հսկայական պարտքեր են գոյացրել մատակարարների նկատմամբ։ Երեկ հայտնի դարձավ, որ դադարեցրել է գործունեությունը այդ սուպերմարկետներից մեկը՝ Մոսկովյան փողոցում գտնվող «Մոսկվիչկան»։

Նշենք, որ քրգործը ՀՔԾ-ում հայտնվելը ամենևին էլ չի նշանակում, որ այն լիարժեքորեն կբացահայտվի և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն։ Գործում շոշափվում են շատ մեծ փողեր և իշխանություններին շատ մեծ ծառայություններ մատուցած բարձրաստիճան ոստիկանների անուններ»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/04/30/217624.html

© 168 Ժամ առցանց լրատվական կայք