Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է մայրաքաղաքային թիմի կազմում անցկացրած իր նորամուտի խաղից ու առաջին գոլից ունեցած տպավորություններով:
- Շնորհավորում ենք հաջող նորամուտի կապակցությամբ: «Սպարտակի» կազմում առաջին իսկ խաղում, կարողացաք գոլ խփել: Ինչպե՞ք եք գնահատում խաղը:
- Իհարկե, երջանիկ եմ , որ վնասվածքից հետո վերադարձել եմ խաղադաշտ ու կարող եմ խաղալ: Սակայն ավելի կարևոր է, որ կարողացանք հաղթել ու անառիկ պահել դարպասը: Ինձ համար դա ավելի թանկ է, քան խփածս գոլը:
- Ամեն դեպքում, լավ հանդիպում անցկացրեցիք` դուրս գալով փոխարինման:
- Եվ էլի պետք է գոլ խփեի: Ես 2-3 լավ հնարավորություն ունեի: Սակայն սկզբի համար մեկ գոլն էլ վատ չէ:
- Ե՞րբ պատրաստ կլինեք 90 րոպե անցկացնել խաղադաշտում:
- Պետք է որոշ ժամանակ անցնի: Լիարժեք սկսել եմ մարզվել միայն 10 օր առաջ, սակայն ես բաց եմ թողել 4 ամիս: Հիմա ամեն օր, բացի մարզումներից, բուժում կուրսեր եմ ընդունում, որպեսզի երկու շաբաթից հարյուր տոկոսով պատրաստ լինեմ:
- Ու՞մ եք նվիրում «Սպարտակում» խփած առաջին գոլը:
- Առաջին գոլը, իհարկե, շատ կարևոր է, թեկուզ և ոչ պաշտոնական խաղում: Առավել ևս, որ ելույթ ես ունենում «Սպարտակում», ոչ մի հանդիպում չես կարող ընկերական անվանել: Այս գոլը կարող է վերադարձնել նախկին վստահությունս: Այդ պատճառով ուզում եմ այն նվիրել նրանց, ովքեր ինձ հավատացել ու աջակցել են, երբ ես վնասվածք ունեի, ու երբ որոշում էի ընդունել տեղափոխվել «Սպարտակ»:
- Ինչու՞ ընտրեցիք 12 համարը:
- Իմ կուռքի` Թիերի Անրիի պատճառով: Իմիջիայլոց, ազգային հավաքականում էլ կրում եմ 14 համարի մարզաշապիկը: Այդ համարով ևս ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղացել է: Մյուս համարներն էլ դուրս գալիս են, սակայն ես այն ընտրեցի իմ սիրած ֆուտբոլիստի պատճառով:
- Ինչու՞ եք այդքան սիրում նրա խաղը:
- Պարզապես նա լավագույններից մեկն է աշխարհում: Նա յուրահատուկ խաղաոճ ունի, առանձնահատուկ էներգետիկա: Երբ Անրիին տեսնում ես խաղադաշտում, հաճույք ես ստանում ֆուտբոլից: Մանկուց հրապուրվել եմ նրա հաջողություններով, նրա գոլերով:
- Իսկ եթե ձեռքով գոլ խփեք, կխոստովանե՞ք խաղից հետո:
- Այո: Մի անգամ նման գոլ խփել եմ: Սակայն ֆուտբոլում եթե գնդակը դիպչում է ձեռքիդ, ու մրցավարը չի սուլում, ապա պարտավոր ես օգուտ բերել թիմիդ: Իհարկե, պետք է արդար լինես, սակայն եթե գոլը հաշվել են, ուրեմն այդպես էր պետք:
- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Ռուսաստանում, որը չկա ԱՄՆ-ում:
- Ռուսերեն սովորելու հնարավորությունը: Մանկուց ուզեցել եմ խոսել ռուսերեն, միշտ դուրս եկել է:
- Ընտանիքում հայերե՞ն եք խոսում, թե՞ անգլերեն:
- Միայն հայերեն: Ե'վ ընտանիքս, և' ես, համոզված ենք, որ երեխաները նույնպես հայերեն են խոսելու:
- «Սպարտակում», բացի ձեզնից, ո՞վ է լավ խոսում հայերեն:
- Ոչ ոք: Տղաներից ոմանք մի քանի բառ գիտեն: Փոխարենը, «Սպարտակում» արդեն հայ ֆուտբոլիստներ են խաղացել, ինչն ավելի կարևոր է:
- Գիտե՞ք, որ ձեր ծննդյան տարեթվին «Սպարտակը» չեմպիոն է դարձել:
- Այժմ արդեն գիտեմ: Ու կարծում եմ` դա լավ նշան է:
Աղբյուր`armfootball.com: