Երեկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված ներողություն խնդրելու պահանջը:
Վճռով արձանագրվեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում:
Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի բացակայությամբ, ուղղակիորեն իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից:
Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձևով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ոչ ՀՀ օրենսդրությունը, և ոչ էլ դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, Պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով:
Պաշտպանի աշխատակազմ