«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել: Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի և Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քր.գործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: