Հունվարի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահում տեղի ունեցավ International Media Holding-ի կողմից կազմակերպված «Մրցանակաբաշխություն 2015» արարողությունը: International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով.

«Ուրախ եմ տեսնել բոլորիդ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությանը։ 2015 թվականն իսկապես բարդ էր, ինչը թույլ է տալիս վստահաբար ասել, որ IMH-ի լրատվական հարթակների միջոցով անցկացված հարցումներում ՀՀ քաղաքացիների լավագույն գնահատականներին են արժանացել այն գործիչները, որոնք իրենց նվիրված և արդյունավետ աշխատանքով ապացուցել են, որ անգամ ամենադժվար և շրջադարձային ժամանակաշրջանները չեն կարող խոչընդոտել երկրի բնականոն զարգացմանը։ Մարդիկ, որոնք լավագույնն են իրենց բնագավառում և ամեն ինչ արել են, որպեսզի իրենց վստահված ոլորտը լինի ամուր և հուսալի։

Սիրելի՛ ընկերներ, Internatioal Meida Holding–ի այս մրցանակաբաշխության հիմնական նպատակը պետական և հասարակական կառավարման ինստիտուտների աշխատանքի բարելավմանը և որակի բարձրացմանը նպաստելն է։ Այսպիսի մրցանակաբաշխության միջոցով, մենք փորձում ենք նոր զարկ տալ հասարակական կարևորագույն ինստիտուտների փոխգործակցությանը։ Սա է այն բարդ առաքելությունը, որն իր ուսերին է վերցրել International Media Holding–ը՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին հասցնելով ՀՀ քաղաքացիների գնահատականներն ու դժգոհություններն իրենց գործունեության վերաբերյալ։ International Media Holding–ի թիմի աշխատանքային գործունեության հիմնական նպատակն է աջակցել հասարակական–քաղաքական կյանքում առանցքային նշանակություն և կարևորություն ունեցող մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական բարձր արժեքների ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը։

Կարելի է վստահաբար նշել, որ International Media Holding–ի այս մրցանակաբաշխությունը հայկական մեդիադաշտի այն միջոցառումներից է, որն իր ազդեցության գոտում տարեցտարի նոր ոլորտներ է ընդգրկում։ Դա հնարավոր է դարձել մեր թիմի նվիրված աշխատանքի և ձեզ հետ ակտիվ գործակցելու շնորհիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում նվիրումն ու աշխատասիրությունը հայկական մեդիադաշտում ամրագրեցին միմյանց աշխատանքը գնահատելու և լավին՝ լավ, վատին՝ վատ ասելու մշակույթը։ Կարծում եմ՝ սա մեծ և կարևոր ձեռքբերում է, որն այլևս պատկանում է ոչ միայն մեր մեդիահոլդինգին, այլև՝ մեդիաոլորտում գործող ցանկացած անհատի։

Կրկին շնորհավորում եմ այսօրվա բոլոր մրցանակակիրներին և ներկա գտնվողներին։ Թող հասարակության գնահատականը նոր ուժ և եռանդ տա ձեր գործունեությանը և թող այն ոգևորիչ լինի բարի ձգտումներ ունեցող ուրիշ գործիչների համար ևս։ Շնորհակալություն բոլորին մասնակցության և համագործակցության համար»:

2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով: Ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվել է առցանց (online) քվեարկություն Lurer. com և Mediamall. am կայքերում։ «Դեմ առ դեմ» հարցումներով ընտրված 5 թեկնածուներն առցանց քվեարկությանը մասնակցել են զրոյական ցուցանիշներով։ Յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկվել են 2015թ. ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած գործիչները, ում գործունեության դրական արդյունքները տեսանելի են եղել թե՛ պետության և թե՛ հասարակության համար։ Հայտնի փաստ է, որ պետական–հասարակական կենսագործունեության կարևորագույն ոլորտներում գործունեություն ծավալած յուրաքանչյուր գործչի համար սեփական աշխատանքի լավագույն գնահատականը հասարակության դրական վերաբերմունքն է։

2015թ. լավագույնը ճանաչված գործիչներին International Media Holding–ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանի կողմից հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ, պատվոգրեր և «Հայ–պարսկական 449-451թթ. պատերազմը» աշխատությունը՝ հեղինակի՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, ճանաչված գիտնական Արմեն Այվազյանի մակագրությամբ: Աշխատությունը նոր խոսք է հայ պատմագիտության մեջ: Գիրքը ներկայացնելիս պարոն Այվազյանը շեշտեց, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա մեր երկրի ոչ վաղ անցյալի պատմությունը, հերոսական դրվագները և հավելեց, որ այդ գիրքն ավելին է, քան ուղղակի գիտական աշխատությունը:

Այնուհետև ներկայացվեցին հարցումները և քվեարկության արդյունքները:

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցումներից է եղել «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա ամենաակտիվ հանրային դիվանագիտություն իրականացնող օտարերկրյա առաքելության ղեկավարը (Հայաստանում նստավայր ունեցող)»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 36%-ը, քվեարկել է Ռիչարդ Միլսի (ԱՄՆ) օգտին:

Mediamall.am-ի հարցումների շարքն սկսվել է «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մշակութային գործիչը» հարցադրմամբ: Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 56%-ը, քվեարկել է Հայկ Մարությանի օգտին:

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն քաղաքապետը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 46%-ը, քվեարկել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օգտին:

Հաջորդ հարցումը եղել է՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞րն է տարվա լավագույն ՀՀ իրավապահ մարմինը»: Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%-ը, քվեարկել է ՀՀ ոստիկանության օգտին: ՀՀ ոստիկանության օգտին քվեարկել է ավելի շատ հարցման մասնակից, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին միասին վերցրած։

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն երգիչը/երգչուհին» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 27%-ը, կարծում է, որ տարվա լավագույն երգչուհին Քրիստինե Պեպելյանն է:

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մարզպետը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 37%-ը, տարվա լավագույն մարզպետ է համարել Աշոտ Ղահրամանյանին (Արմավիրի մարզ):

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավարը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 39%-ը, իր ձայնը տվել է Արա Սադոյանին (Կենտրոն):

Հաջորդ հարցումը եղել է հետևյալ հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն նախարարը»: Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40%-ը, քվեարկել է Գագիկ Բեգլարյանի օգտին (Տրանսպորտի և կապի նախարար):

«Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մարզիկը» հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 43%-ը, քվեարկել է Միհրան Հարությունյանի օգտին, ինչի արդյունքում նա ճանաչվել է քվեարկության հաղթողը:

ԼՈՒՐԵՐ.com-ի վերջին հարցումը եղել է հետևյալ հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա բարերարը»:

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%, համարել է, որ տարվա բարերարը Գագիկ Ծառուկյանն է: Պարոն Ծառուկյանի օգտին քվեարկել են ավելի շատ, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին՝ հանրագումարով։

Միջոցառման ավարտին մրցանակակիրներն ու հյուրերը ջերմ մթնոլորտում կիսվեցին տպավորություններով՝ բարձր գնահատելով International Media Holding-ի կողմից իրականացվող հարցումների և ամփոփիչ մրցանակաբաշխության նշանակությունը:

Մրցանակաբաշխությունը լավագույնս բնութագրում են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերն այն մասին, որ իր համար International Media Holding-ից մրցանակ ստանալը նույնն է, ինչ «Օսկար» ստանալը:

Ցանկացած նման նախաձեռնություն իրականում շատ կարևոր դեր է խաղում մեր երկրի կառավարման, տարբեր ոլորտների բարելավման հարցում: Ոլորտների այն ղեկավարներին, որոնք ճանաչվում են լավագույնը, իրենց արդյունավետ աշխատանքի գնահատականը կարող է էլ ավելի ոգևորել, նպաստել ավելի մեծ եռանդով աշխատելուն և կրկին դրական գնահատականների արժանանալուն: Իսկ տարբեր անվանակարգերում ամենաբարձր տեղերը չգրաված պաշտոնյաների ու գործիչների մոտ այսպիսի նախաձեռնություններն առնվազն ցանկություն կառաջացնեն ակտիվացնել իրենց գործունեությունը, հանդես գալ նոր որակներով, նոր մտքերով և ձգտել հաջորդ մրցանակաբաշխությանը իրենց ոլորտում ճանաչվել լավագույնը: Այս ամենի արդյունքում կշահեն ոչ միայն գործիչները, պաշտոնյաները, այլ նաև հասարակությունը, քանի որ յուրաքանչյուր ոլորտի բարելավումով կփոխվի նաև մեր կյանքի որակը:

International Media Holding-ը ոչ միայն շարունակական կդարձնի նման միջոցառումները, այլև մշտապես հանդես կգա նորանոր հետաքրքիր նախաձեռնություններով: