Երգ Շեփորի համար
Լուսաբաց: Դեռևս քնած փողոց: Մի դատարկ պանդոկ: Քնած ցուցափեղկեր: Կարմիր, կարմիր տանիքներից մեկին շիկահեր մի պատանյակ է կանգնած` ձեռքին շեփոր:
Ընկղմված արևածագի լուսափնջում` նա փորձեց առաջին երկու նոտաները: Մի դատարկ փողոց: Մի դատարկ պանդոկի փակ պատուհաններ: Երևի թե առաջին ունկնդիրը պանդոկի դիմացը պառկած կիսաքուն շունն էր, որ առաջին իսկ ձայներից ականջը վեր հանեց: Մոխրագույն գլխարկով տղան, շեփորը ձեռքին, նայում էր կարմիր կտուրներին, որսալով ապագա մեղեդու փշրանքները: Ցրված ու նորաթուխ ամպեր: Դանդաղ քամին քշում էր ամպերը, անվերջ տանում տանիքների վրայով, լսելու համար նրանց երգը: Քիչ չանցած` նա հնչեցրեց պատուհանափեղկերը դուրս կանչող մեղեդին: Մի նոր լռություն լռության ափերում: Նա նվագում էր ուժեղ և անհոգ. խիզախ և երազկոտ: Նա դեռ այնքան փոքր է իմանալու համար թե ինչու են կարմրաշող պատուհանների ներսում, իրենից շուտ արթնացել իր նման երիտասարդները և ուր են շտապում: Նա ընդհամենը երջանիկ երեխա է: Փողոցում հայտնվում են առաջին մարդիկ: Նվագում է մոխրագույն գլխարկով տղան և շեփորի կանչով բացվում են պատուհանափեղկերը: Փողոցում հայտնվում են առաջին մարդիկ` դատարկելով այն ավելի շատ: Հեռու, հեռու են գնում առաջին հայացքից իրար նման, բայց իրականում չափազանց տարբեր պատանիների խումբը: Գնում են երգով ու ծիծաղով, խառնվում են հեռվին... Նվագում է մոխրագույն գլխարկով տղան: Երջանիկ են սպիտակ մատները շեփորի վրա: Հեռու են գնում երիտասարդ, անտեղյակ ու միամիտ, միաժամանակ ոչնչնից չարացած անմեղները: Ձեռքով են անում փոքրիկ շեփորահարին: Պանդոկի դիմացի շունը: Նա բոլորից թախծոտն է այս փողոցում: Հենել է գլուխը թաթերին և տխուր աչքերով զննում է շուրջը: Մի հեռացող քայլերգ, կազմված միայն ոտնաձայներից: Հեռվին խառնվող նույնանման մարդիկ... Լանդշաֆթ` դեռևս չքնաղ, լի շողերով հավերժական արևի:
Մի չքնաղ առավոտ: Մի դատարկ փողոց ու լքված պանդոկ: Կարմիր, կարմիր կտուրներից մեկի վրա, մի շիկահեր պատանյակ շեփոր է նվագում:
Հեղինակ՝ Մանե