«168 Ժամ» թերթը գրում է.
«Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, իսկ դրանք, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի բարձր ու անհասկանալի ղեկավարությամբ՝ դարձել են սեզոնի ամենադիտարժան տեսարանները: Ավանդույթի համաձայն՝ Գալուստ Սահակյանն օրը կամ շաբաթը մի քանի անգամ ինչ-որ մտքեր է հայտնում, լրագրողներն անպտուղ փորձեր են անում դրանք վերծանելու համար, սոցիալական ցանցերը պայթում են այդ մտքերի իմաստի որոնմանն ուղղված մրցույթներից:
Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե այս իրավիճակը պայմանավորված է Գալուստ Սահակյանի անձով կամ նրա լեզվամտածողության (ներեցեք արտահայտության համար) առանձնահատկություններով և ընդամենը Հայաստանի խորհրդարանի կյանքի կոլորիտային գույներից մեկն է: Իրականում, սակայն, Գալուստ Սահակյանը ոչ թե զուգադիպորեն կամ պատահաբար, այլ միանգամայն օրինաչափորեն ու տեղին է զբաղեցնում ԱԺ նախագահի պաշտոնը: Որովհետև նա՝ իր անհասկանալի ու անիմաստ հայտարարություններով, լավագույնս է արտահայտում խորհրդարանի գործունեությունը, որն այլ կերպ, քան դատարկություն, հնարավոր չէ որակել:
Հայաստանի խորհրդարանում կատարվում է գրեթե ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք է կատարվի խորհրդարանում, Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում մարդիկ, ովքեր կարող էին լինել ամեն տեղ, բացի խորհրդարանից, Հայաստանի խորհրդարանում քաղաքական կուսակցությունները զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից…
Ու Գալուստ Սահակյանի երեկվա հերթական հայտարարությունը՝ չքաղաքականացնել խորհրդարանի ամբիոնը, որքան ծիծաղելի է՝ առաջին հայացքից, նույնքան տեղին է՝ ըստ էության: Ով՝ ով, բայց Գալուստ Սահակյանը լավ գիտի, որ Հայաստանի խորհրդարանի ձևավորման մեխանիզմները քաղաքականության հետ այնքան կապ ունեն, որքան իր հայտարարությունները՝ բանահյուսության, Գալուստ Սահակյանը լավ գիտի, որ խորհրդարանում մանդատները բաշխվել են ոչ թե՝ ընտրությունների արդյունքներով, այլ՝ իշխանության սահմանած քվոտայով, ու Գալուստ Սահակյանը հաստատ լավ գիտի, որ խորհրդարանը Հայաստանում այն տեղը չէ, որտեղ քաղաքականություն է մշակվում ու իրագործվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: