ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցը դեռ նախորդ տարվանից հայտարարել է առաջին հայացքից անմեղ թվացող «վաճառք ինքնարժեքով» ակցիան, որը, սակայն, մոլորության մեջ է գցում սպառողներին: Միայն փետրվարի 1-ին, երբ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց այս մասին, «ակցիան» դարձավ հանրային քննարկման առարկա:
Պատգամավորն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպառողներին խաբելու համատարած պրակտիկայի դեմ ոչինչ չի արվում...
Ես շտապեցի Զեյթունում գտնվող Վեգա խանութ` գնելու որոշակի ապրանք և անասելի էր իմ զարմանքը, երբ տեսա այսպես կոչված «ինքնարժեքը»...
Ես հիմնավոր կասկած ունեմ, որ մեր քաղաքացիներին խաբում են»:
Այս ամենի մասին YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) զրուցեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նշեց, որ նման պրակտիկան համատարած կիրառվում է գրեթե բոլորի կողմից: Վերջինիս խոսքով՝ այստեղ առաջին հերթին պետք է հասկանալ, թե որն է ապրանքի «ինքնարժեքը»: Միգուցե ապրանքն իսկապես ինքնարժեքով է վաճառում, բայց դա կարող է պարզել միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: ՀԿ-ի նախագահի կարծիքով՝ եթե նույնիսկ խանութների ցանցը հաճախորդներին խաբելու ցանկություն չունի, միևնույն է, մոլորեցնելու միտումն ակնհայտ է:
Ակնհայտ է, որ Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի անգործության պատճառով տնտեսական ոլորտում խառնաշփոթ է դեռ վաղուց: Զեղչային համակարգում չկան մշակված հատուկ ընթացակարգեր և, բնականաբար, տնտեսվարողներն, օգտվելով հանգամանքից, մոլորեցնում են հաճախորդներին:
Մենք կապ հաստատեցինք նաև պետական վերահսկող մարմնի մամլուլի քարտուղարի հետ, ով նշեց, որ Վեգա խանութների ցանցի գործունեության ուսումնասիրություն հանձնաժողովը սկսել էր դեռևս դեկտեմբերի 23-ին, սեփական նախաձեռնությամբ: Արդեն իրականացվել է մի քանի դիտանցում, որի նպատակն է պարզել, թե արդյոք ապրանքը վաճառվում է ինքնարժեքով, նախկինում ինչ գնով է վաճառվել, ինչ գնով է ձեռք բերվել, մտել շուկա և այլն:
Գործը հանձնաժողովի կողմից դեռ ուսումնասիրվում է և քանի որ օրենքով տվյալ գործընթացի համար չկա սահմանված հստակ ժամանակահատված, անհայտ է , թե երբ հանձնաժողովը կպարզաբանի դեպքի մանրամասները: