Կյանքում միշտ էլ ցավ կլինի, սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի: Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը: Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա: Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը: Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չար մարդը, այնպես էլ հիմարն ու լավը իրենց կամքով չեկան այստեղ և ոչ էլ իրենք իրենց ստեղծվեցին ոչնչից: Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների և բազմաթիվ սերունդների: Չարերը չգիտեն, որ իրենք չար են և, հետևաբար` անմեղ են: Չար մարդուն պետք է ներել: Նրան պետք է սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից ինչ-որ բան` մեր մեջ: Նա մերն է, մենք` նրանը: Մեզնից յուրաքանչուրը մյուսներից անջատ չէ: Գեղջուկի աղոթքը` իմ աղոթքն է, մարդասպանի ոճիրը` իմ ոճիրը:

Մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, ուրիշինը: Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար, որ պահպանի այն ու տարածի ամենուրեք` թե՛ ինձ և թե՛ աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար: Դու ունես այդ բարությունը, դրա համար շնորհակալ եղիր: Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից: Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար: Նրանք կզգան, որ դու չես դավաճանի, չես վիրավորի իրենց: Նրանք կզգան, որ դու չես արհամարհի իրենց, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի: Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն, ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել: Դու այդ պետք է գիտակցես: Դու դրանից չպետք է ճնշվես:

Ինձ դուր չի գալիս աշխարհի դրվածքը, չգիտեմ ինչու,բայց ուզում եմ, որ ավելի լավ լինենք: Ես համոզված եմ,որ ավելի լավը կլինենք: Այժմ այնքան եմ սովորել,որ թվում է,թե ոչինչ չգիտեմ, բայց սրանից հետո պիտի ջանամ միշտ ավելին սովորել: Սրանից հետո միշտ պիտի գիտեմ: Պիտի միշտ մտածեմ իմ տեսածի մասին: Դա մարդուն տխուր է դարձնում, բայց հոգ չէ: Մենք, ճիշտ է, գոհ ու երջանիկ մարդիկ ենք, բայց և միաժամանակ՝ արի ու տոկուն: Հոգ չէ, որ տխուր կլինեմ: Ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք տխուր են և անարգված, բայց դիմացկուն չեն, և ինձ թվում է, որ աշխարհը լեցուն է նման մարդկանցով:

Կարծում էի, որ մարդ երբեք լաց չի լինի, երբ մեծանա,չափահաս դառնա,բայց պարզվում է, որ հենց այդ ժամանակ է, որ նա սկսում է հասկանալ ամեն ինչ: Գրեթե ամեն ինչ,որ մարդ ճանաչում է, կամ վատ է, կամ տխուր: Եթե կյանքը տխուր է,ազնիվ կամ անմիտ, դրա պատճառը մարդն է: Թեև հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը: Այդպես է: Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է: Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է, նա այդ աշխարհը կարող է վերակառուցել և սիրել մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտը ընդունակ է սիրո,կամ լցնել ատելի մարդկանցով,եթե նրա սիրտը ընդունակ է ատելության: Աշխարհը պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից: Վերակառուցվի ամեն օր, ինչպես անկողինն ու այն տունը,որտեղ նույն մարդիկ են ապրում: Այդ մարդիկ միշտ նույնն են, բայց և միշտ փոխվում են: Եթե մարդը խիղճ չունի, նա մարդ չէ, նա դեռ իսկական մարդ չէ, որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ բալասանը: Միայն բարի մարդիկ են լաց լինում: Այն մարդը որը լաց չի լինում աշխարհի ցավի համար,նա վատ է, քան կեղտը,որի վրայով քայլում է, որովհետև կեղտը դեռ սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է, ոչինչ չի կարող սնուցել, բացառությամբ ամբարտավանության որը, ի վերջո, կարող է մադուն առաջնորդել սպանության, գեղեցիկի սպանության կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության:

Կարևորը չէ,թե ինչ սխալներ կգործես կյանքում,մի վախեցիր գործած սխալներիդ համար կամ նորերը գործելուց:Դու բարի սիրտ ունես,վստահիր սրտիդ,ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու:Եթե ընկնես,խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզնից,վեր կաց և ետ մի նայիր:Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես,այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից:Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր,նենգ կամ փոքրոգի լինելու:Այդ բաները քեզնից ցածր են,շատ փոքր՝ քո ոգու առույգության առաջ,շատ աննշան՝ քո տեսադաշտը խափանելու համար:

Անհրաժեշտ է լավ ճանաչել մարդկանց,իմանալու համար մե՞ծ են նրանք,թե ոչ:Շատ մարդիկ կան,որ մեծ են,բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ նրանք մեծ են:

Մարդկանց վերաբերող գործերում դու շատ զգույշ եղիր:Եթե նույնիսկ քո աչքերով տեսնես,որ մեկը վատ է վարվում,վստահ մի եղիր,որ դու անպայման ճիշտ ես:Մարդկանց հանդեպ շատ զգույշ եղիր:Հիմարություն է մարդկանց քննադատել նրա համար,որ նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան:Ես բոլորովին չգիտեմ,թե ով ես դու,որտեղից ես գալիս,ինչպես եկար,ինչը քեզ այդպես դարձրեց,բայց ուրախ եմ,որ այդպես է,և դու ինձ դուր ես գալիս:Ինչքան մարդը մոտենում է իր կյանքի վախճանին,այնքան նա իրեն ավելի ու ավելի երախտապարտ է զգում լավ մարդկանց նկատմամբ,որոնք կյանքը պիտի շարունակեն իրենից հետո:Հասկացիր,որ մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար,որ ինքը այն է,ինչ որ է,որովհետև,եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ,այն նաև իմն է,ուրիշինը:Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար,որ պահպանի այն ու տարածի ամենուրեք՝ թե ինձ և թե աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար:Դու ունես այդ բարությունը,դրա համար շնորհակալ եղիր:Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից:Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար:Նրանք կզգան,որ դու չես դավաճանի,չես վիրավորի իրենց:Նրանք կզգան,որ դու չես արհամարհի իրենց,եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի:Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն,ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել:Դու այդ պետք է գիտակցես:Դու դրանից չպետք է ճնշվես:Դու արդեն մեծ մարդ ես ,հայտնի չէ,թե ո՞վ քեզ մեծ դարձրեց,բայց քանի որ դու իսկապես մեծ ես,գիտակցիր ուրեմն այդ և խոնարհ եղիր,պաշտպանիր այդ մեծությունը:

Մարդկությունը մի ամբողջություն է, ինչպես դու, ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և՛ լավը, և՛ վատը: Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում, բոլոր ազգերի միլիոնավոր մարդկանց մեջ: Այո, մեր ազգի մեջ նույնպես: Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները պայքարում են ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Դրանից էլ առաջանում են պատերազմները: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում: Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են: Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու: Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա, թե անարդար, այդ նպատակին են ձգտում: Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին: Ոչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն: Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Լավ մարդը երբեք չի մահանում: Դու նրան հաճախ պիտի տեսնես: Դու նրան պիտի տեսնես փողոցներում, տներում, խաղողի այգիներում և մրգաստաններում, գետերում և ամպերի մեջ, այն ամենի մեջ, որ այս աշխարհը մեզ համար դարձնում են ցանկալի: Դու պիտի նրան զգաս այն ամենի մեջ, որ ծնված է սիրուց և սիրո համար, այն ամենի մեջ, որ առատ են, աճում են, ծաղկում, ուռճանում: Մարդու մարմինը կարող է մեզանից հեռանալ, նրան կարող են մեզանից խլել, բայց այն լավագույնը, որ կա մարդու մեջ, մնում է, մնում է հավիտյան: Սերը անմահ է և ամեն ինչ հավերժական է դարձնում, իսկ ատելությունը ամեն րոպե մահանում է:

-Երանի՜ աղքատներին,որովհետև նրանցն է Երկնի արքայությունը:

-Երանի՜ սգավորներին,որովհետև նրանք մխիթարվելու են:

-Երանի՜ հեզերին,որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը:

-Երանի՜ նրանց,ովքեր անոթի ու ծարավ են արդարության,որովհետև նրանք պիտի կշտանան:

-Երանի՜ ողորմածներին,որովհետև նրանք ողորմություն են գտնելու:

-Երանի՜ նրանց,ովքեր սրտով մաքուր են,որովհետև նրանք տեսնելու են Աստծուն:

-Երանի՜ խաղաղություն բերողներին,որովհետև նրանք Աստծու որդիները պիտի կոչվեն:

-Ցնծացեք և ուրախացեք. դուք եք երկրի աղը,դուք եք աշխարհի լույսը:

-Թող ձեր լույսը մարդկանց ճանապարհը լուսավորի,որպեսզի նրանք տեսնեն ձեր բոլոր գործերը և փառավորեն ձեր Հորը,որը երկնքում է:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

Սիրարփի Մարգարյան