Ես երբեք բարեկեցության կամ շքեղության չեմ ձգտել և նույնիսկ ինչ-որ չափով արհամարհում եմ դրանք: Սոցիալական արդարության իմ ձգտումը, ինչպես նաև իմ բացասական վերաբերմունքը բոլոր տեսակի կապերի և կախվածությունների նկատմամբ, որոնք ես չեմ համարում բացարձակ անհրաժեշտ, հաճախ ինձ ստիպել են մարդկանց հետ հակամարտության մեջ մտնել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում անհատականությանը և բռնության ու անդեմության նկատմամբ անհաղթահարելի զզվանք եմ զգում:
Այս ամենն ինձ դարձրել է ցանկացած ազգայնամոլություն (եթե նույնիսկ հանդես է գալիս հայրենասիրության տեսքով) մերժող կրքոտ պացիֆիստ և հակամիլիտարիստ: Հասարակության մեջ ունեցած դիրքով կամ հարստությամբ պայմանավորված առավելություններն ինձ միշտ թվում են անարդարացի և կործանարար, ինչպես և անհատի չափից դուրս պաշտամունքը: Իդեալ համարում եմ ժողովրդավարությունը: Չնայած պետության ժողովրդավարական կարգի թերություններն ինձ քաջ հայտնի են: Սոցիալական իրավահավասարությունը և առանձին անհատի տնտեսական բարեկեցությունն եմ միշտ համարել պետությունը ղեկավարող հասարակության առջև դրված կարևոր նպատակ։
Չնայած ամենօրյա կյանքում ես անհատապաշտ եմ, բայց ճշմարտության, գեղեցկության և արդարության ձգտող մարդկանց հետ անտեսանելի ընդհանրության գիտակցումը թույլ չի տալիս, որ միայնակության զգացումը տիրի ինձ:
Մարդուն բաժին ընկած ամենախորը և ամենագեղեցիկ ապրումը խորհրդավորության զգացումն է: Դա է արվեստի ու գիտության ամենխորը ուղղությունների և կրոնի հիմքում: Նա, ով չի ապրել այդ զգացումը, ինձ թվում է եթե ոչ մահացած, ապա գոնե կույր: Հավատացյալությունը հենց մեր գիտակցության համար այն անհասանելիի ընկալման կարողությունն է, որը սքողված է անմիջական ապրումներով, որի կատարելությունն ու գեղեցկությունը մեզ հասնում են միայն կողմնակի թույլ արձագանքի ձևով: Այդ իմաստով ես հավատացյալ եմ։ Ես բավարարվում եմ նրանով, որ զարմանքով կռահումներ եմ կատարում այդ գաղտնիքների մասին և մտովի խոնարհաբար փորձում ամբողջ բնության կատարյալ կառույցի ոչ լրիվ պատկերն ստեղծել:
Սիրարփի Մարգարյան