Կյանքը բնավ էլ լուրջ ու բարդ բան չէ, որքան մենք սովոր ենք պատկերացնել։ Կյանքին պետք է ուրախ տեսանկյունից նայել, եւ հանդիսատեսին էլ հաճույք պատճառել, ծիծաղեցնել, հակառակ դեպքում՝ մարդկանց նույնիսկ ծեծելով կինոթատրոն չես բերի։ Կինոյի հզորագույն ազդեցությունը պետք է օգտագործել կյանքի ողջ գեղեցկությունն ու ուրախությունը ցուցադրելու համար։ Ես ինքս սարսափելի դեպրեսիվ անձնավորություն եմ, եւ ամենաշատը ուզում եմ օգնել մարդկանց՝ ազատվել տխուր մտքերից:
…Կինոն հիմա շատ տարօրինակ է զարգանում: Երբ սկսում եմ մտածել կինոյի զարգացման մասին, միանգամից մտաբերում եմ Սթիվեն Սպիլբերգին: Երբ միջնադարյան նկարչին որեւէ գործ էին պատվիրում, նա հստակ իմանում էր` թե ո՞վ է իր պատվիրատուն, եւ որտե՞ղ է կախվելու նրա պատվերով արված դիմանկարը: Մեկ-մեկ էլ նկարիչն իր պատվիրատուի տուն էր գնում` տեսնելու, թե ինչպե՞ս են «ապրում» իր նկարները: Արդյոք Սպիլբերգին չի՞ հուզում, թե ովքեր են դիտում իր ֆիլմերը, որքան շատ են նրանց շարքերում ապուշներն ու լիակատար տխմարները: Եվ քանի որ իմ ֆիլմերն ավելի քիչ հանդիսատես են ունենում, քան Սպիլբերգի ֆիլմերը, հույս ունեմ, որ իմ իմ հանդիսատեսի շարքերում ապուշները զգալիորեն քիչ են:
…Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ: Գլոբալացումը ջնջում է ազգային տարբերությունները, եւ կարծում եմ, որ մեր մոլորակի նորագույն կոնցեպցիան փոքր ազգերի միավորումը պիտի լինի:
Սիրարփի Մարգարյան