ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական լուսանկարներն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ հետևյալ գրառմամբ.
«…Մերը հոգի´ն է՝
Սերնդեսերունդ անշեջ թևածող,
Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
Որ չես սպանի զենքով ու դիրքով,
Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի:
Մերը հոգի´ն է…
Այսօր ես պատիվ ունեցա հյուրընկալելու հայազգի մեծանուն մտավորականներ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկևիչյանին, ՀՀ վաստակավոր լրագրող, հաղորդավար, մեկնաբան Վարուժան Օլքինյանին, Երևանի գրողների միության նախագահ, «Նոր-Դար» գրական ամսագրի խմբագիր Աբգար Ափինյանին: Հանդիպումն սկսվեց սիրված երգահանի ոգեղեն խոսքով, հետաքրքիր մտորումներով, կատարումներով, որը ժամանակ առ ժամանակ իր հրաշալի բարիտոնով ընդհատում էր Վարուժան Օլքինյանը ՝ կարևորելով Գրիգոր Նարեկացու ժառանգությունը քրիստոնեության, մարդու դաստիարակության, արժեհամակարգերի ձևավորման, էության կայացման հարցում:
Այնուհետև մեզ միացավ Աբգար Ափինյանը, որը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գրադարանին նվիրեց «Նոր-Դար» գրական ամսագրի հրապարակումը ՝ նվիրված Մարո Մարգարյանի հոբելյանական 100-րդ տարեդարձին: Մեր գրադարանը հարստացավ նաև Սասուն Պասկևիչյանի հրաշալի երգերի և Վարուժան Օլքինյանի ընթերցմամբ՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ձայնասկավառակներով:
Այնքան ներշնչանք ու ջերմություն կար նրանցից յուրաքանչյուրի մեջ, սեր ու նվիրում՝ հայոց զինվորի հանդեպ, մեծարանք՝ ժողովրդին զինվոր պարգևող մորը…
Մեզնից և ոչ մեկը չզգաց, թե ինչպես թռավ ժամանակը, եկավ հրաժեշտ տալու պահը, իսկ դեռ այնքան բան կար միմյանց ասելու…