Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով:

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույն, ներքևից՝ վերև, առջևից՝ հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որը առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ. Բարսեղյանի պարանոցին գցված օղը: Փորձագետը նշել էր, որ ելնելով դիակային բծերի տեղակայումից՝ Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արյունազեղում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից րոպեներ առաջ, պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով:

Միաժամանակ, Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են ձախից այտային, աջից վերին շրթունքի շրջանների քերծվածքներ, աջից վերին և ստորին շրթունքների լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ եզրակացության՝ դրանք չէին կարող պատճառվել իր իսկ կողմից, և կուրսանտի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Ըստ հրապարակված փորձաքննության՝ հայտնաբերվել են նաև աջ արմնկածալքի՝ արմնկային միջային երակի վնասումով կտրած վերք և ձախ դաստակի 2-րդ մատի մակերեսային կտրած վերք, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հասցվել են սուր եզր ունեցող առարկայով կամ գործիքով, կարող էին պատճառվել ինչպես այլ անձի կողմից, այնպես էլ իր իսկ կողմից: