Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խորացման հարցեր: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն` հղում կատարելով Վրաստանի նախագահի մամլո ծառայությանը:

Սաակաշվիլիի և Քերիի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախագահի` ԱՄՆ այցելության շրջանակներում: Սա Սաակաշվիլիի հանդիպումն էր Քերիի հետ պետքարտուղարի պաշտոնում: Վրաստանի նախագահը այցելել է ԱՄՆ անցած շաբաթվա վերջին:

«Սաակաշվիլին և Քերին հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանում առկա իրավիճակը և նշել, որ ժողովրդավարական համակարգերի պահպանման և բարեփոխումներ շարունակելու համար ԱՄՆ մասնակցությունը կենսական է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ վրացական կողմը կրկին իր ցանկությունն է արտահայտել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ և շեշտել է ԱՄՆ-ի օժանդակության անհրաժեշտությունը այդ գործընթացում:

«Կողմերը համաձայնվել են, որ Վրաստանը և ԱՄՆ կշարունակեն ակտիվ համագործակվցությունը տարբեր ուղություններում: Հանդիպման ժամանակ Ջոն Քերին ևս  մեկ անգամ արտահայտել է ԱՄՆ-ի օժանդակությունը Վրաստանի ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելու հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ: