Մենք ապրում ենք սխալական աշխարհում: Մարդը ծնված է ազատ և աներկյուղ: Բայց մեր պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկություն` թաքնվելու և պաշտպանվելու բնությունից, որն ավելի է ստիպում մեզ սեղմվել ու պատսպարվել մեկս մյուսի կողքին: Մենք շփվում ենք ոչ այն պատճառով, որ մեզ դուր է գալիս շփվելը, ոչ այն բանի համար, որպեսզի բավականություն ստանանք շփումից, այլ որպեսզի այնքան էլ սարսափելի չլինի: Այս քաղաքակրթությունը սխալական է, եթե հարաբերությունները կառուցվում են նման սկզբունքի վրա: Ամբողջ տեխնոլոգիան, ամբողջ, այսպես կոչված, տեխնիկական առաջընթացը, որն ուղեկցում է պատմությանը, ըստ էության ստեղծում է մի պրոտեզ, որը երկարացնում է մեր ձեռքերը, սրում տեսողությունը, թույլ տալիս տեղաշարժվել շատ արագ: Եվ դա սկզբունքային նշանակություն ունի: Հիմա մենք տեղաշարժվում ենք մի քանի անգամ ավելի արագ, քան անցյալ դարում: Բայց դրանից մենք ավելի երջանիկ չենք դարձել: Մեր անձը, մեր այսպես կոչված պեռսոնալիթեն բախման մեջ է մտել հասարակության հետ: Մենք չենք զարգանում ներդաշնակորեն, մեր հոգևոր զարգացումը այնքան ետ է մնացել, որ մենք արդեն տեխնոլոգիական աճի հեղհեղուն ընթացքի զոհն ենք: Մենք չենք կարող դուրս լողալ այդ հոսանքից, եթե նույնիսկ ցանկանայինք…
… Մենք չգիտենք ինչ բան է սերը, մենք ինքներս մեզ վերաբերում ենք հրեշավոր քամահրանքով: Մենք ճիշտ չենք հասկանում, թե ինչ է նշանակում սիրել ինքն իրեն, նույնիսկ ամաչում ենք այդ մտքից, քանզի կարծում ենք, որ ինքն իրեն սիրել` նշանակում է լինել եսասեր: Սա սխալ է, քանզի սերը զոհ է: Այն իմաստով, որ մարդը չունի զգացողություն, նկատելի է կողքից, երրորդ անձի աչքով: Դուք, անշուշտ, այդ գիտեք, չէ՞ որ ասված է. սիրիր մերձավորիդ` ինչպես ինքդ քեզ: Ասել է թե ինքն իրեն սիրելը զգացմունքի հիմքն է, չափը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդը ըմբռնել է ինքն իրեն, իր կյանքի իմաստը, այլև այն իմաստով, որ սկսել միշտ պետք է ինքն իրենից:
Իմ բոլոր դժբախտությունները ծագում են հենց այն բանից, որ չեմ հետևում սեփական խորհուրդներիս: Դժբախտությունն այն է, որ և հանգամանքներն են պարզ, պարզ է և հետևանքը, որին հասցնում է իրերի մասին ունեցած մեր սխալ պատկերացումը: Բայց սխալ է մտածել, թե Հայտնությունը ներառնում է իր մեջ միայն պատժի ըմբռնումը: Կարևորը, որն ամփոփված է նրա մեջ, երևի թե հույսն է: Չնայած այն բանին, որ մոտ է ժամանակը` մեզանից յուրաքանչյուրի համար` առանձին վերցրած, իսկապես շատ մոտ է, սակայն բոլորի համար` միասին վերցրած, երբեք ուշ չէ: Հայտնությունից սարսափում է յուրաքանչյուրն առանձին առած, իսկ բոլորի համար` միասին առած, նրա մեջ պահված է հույսը: Եվ դրա մեջ է Հայտնության իմաստը: Վերջին հաշվով պատկերային ձևով արտահայտված այս դիալեկտիկան է, որ արվեստագետի համար դառնում է ոգեշնչող ու ներշնչող մի այնպիսի սկիզբ, որ ակամա զարմանում ես, թե ուզած հոգեվիճակում էլ նրան դիմելիս որքան հենակետեր կարելի է գտնել նրա մեջ…
Սիրարփի Մարգարյան