Մայրաքաղաքի Նազարբեկյան 48 շենքն արդեն ապահովված է նոր կոյուղագծով: Հունվարի վերջին նշված շենքի բնակիչների հետ կայացած Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանի հանդիպման ժամանակ շենքի կոյուղատար համակարգի բացակայությունը դիտարկվել էր որպես հրատապ լուծում պահանջող խնդիր ու, ըստ այդմ, առաջնահերթության սկզբունքով անցկացվել է 200 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն այցելել ու տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը շենքի բնակիչներին վստահեցրել է, որ բազմաբնակարան շենքում առկա մյուս խնդիրները, որոնք բարձրացվել էին նախորդ հանդիպման ժամանակ, ևս փուլային լուծում կստանան՝ պայմանով, որ անավարտ շենքի բնակիչները, ինչպեսև ժամանակին հանձն են առել, իրենց մասնակցությունը կունենան այդ հարցում:
Հիշեցնենք, որ Նազարբեկյան 48 շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, սակայն բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել է անավարտ: Տարածքի ասֆալտապատման, ջրագծի և արտաքին լուսավորության ցանցի անցկացման հարցում ժամանակին աջակցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:
Նշենք, որ YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) բազմակի անգամներ անդրադարձել և լուսաբանել է Նազարբեկյան 48 շենքի խնդիրները՝ ակնկալելով պատասխանատու մարմիններից լուծումների տրամադրում: Այսօր կարելի է արձանագրել, որ ծանր պայմաններում ապրող այս մարդկանց հոգսը որոշակիորեն թեթևացել է. պատասխանատու մարմինը կատարել է իր պարտականությունների մի մասը:
Դեռ մի քանի ամիս առաջ ամբողջ քաղաքապետարանը և՛ Անահիտ Բախշյանին, և՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին պնդում էին, որ Նազարբեկյան 48-ը Երևան քաղաքի հաշվեկշռում չկա:
Մեր խմբագրությունը՝ բազմաթիվ մարդկանց շնորհիվ, շենքում ապրող անապահով ընտանիքներին տրամադրել է տարբեր տեսակի օգնություն, սակայն նրանց գլխավոր խնդիրը՝ շենքի սարսափելի պայմանները, մնում էին չլուծված: Գործի մի մասն արդեն արված է... սպասենք շարունակությանը: