«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է:
Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչև նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի լուռ հակամարտության կիզակետում է հայտնվել: Խաչատրյանը ցանկանում է արտոնություններ պոկել կառավարությունից իր հարազատներին պատկանող «Յուքոմի» համար, իսկ Աբրահամյանն էլ այդ կերպ «իր փայ» վատությունն է անում իր հակառակորդին:
Այս պատմության մեջ կա ևս մի ուշագրավ դետալ: Հարցը կառավարության նիստի օրակարգերում պարբերաբար հայտնվում ՀՀ էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի նախաձեռնությամբ: Վերջինս էլ ինչպես հայտնի է այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Հովիկ Աբրահամյանի հետ:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Ճշմարիտյանը պետք է ևս երեք հարց ներկայացներ: Իսկ մեկ այլ, արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնելու էր երկու օրակարգային հարց: Հարցերը օրակարգում մնացել են, իսկ նշված նախարարներն արդեն նախկին են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: