Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի IFAD համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պետբյուջեից տրամադրել 346,020.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի քան 173,000,0 հազ. դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2016թ. դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հետևություններ անել և հանձնարարել օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել միջազգային պայմանագիրը խախտած պատասխանատուներին:
«Ես առաջարկում եմ և հանձնարարում եմ այս հարցը նայել: Նախկին ղեկավարին, որին ազատել ենք, թող պատասխանատվության ենթարկեն: Հիմա մենք փող ենք տալիս իր սխալների համար: Իհարկե, հետ վերադարձնելու պայմանով, բայց ինչո՞ւ է խախտել միջազգային պայմանագիրը»,- ասել է վարչապետը: