«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չնայած հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, կառավարությունն օրենսգիրքն արդեն իսկ խորհրդարանում «շրջանառության» մեջ է դրել, և այն համապատասխան պաշտոնյաների սեղանին է. մարտի 1-ից պետք է մեկնարկեն և օրենսգրքի, և ԱԺ կանոնակարգ-օրենքի քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում` ըստ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրի:

Ի դեպ, Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ Հայաստանում գործելու են 13 ընտրատարածքներ. 9-ը` մարզերում, 4-ը` Երևանում: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը դարձել են մեկ ընտրատարածք: Տարակուսելի չէ՞ դա, քանզի ինքնին Սյունիքի մարզը շատ մեծ է, և տրամաբանական էր Վայոց Ձորը միացնել իրեն ավելի մոտ գտնվող Արարատի մարզին, հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Որ երկար մտածես, կհասկանաս»: Խնդիրը, ի դեպ, բավականին պարզ է. օրենքը գրողները «համապատասխան» ցուցումով են դա արել, զի «վերևներում» չեն վստահում Արարատի մարզը «նայողներին» ու Վայոց Ձորը վստահել են Լիսկային` Սուրեն Խաչատրյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: