«Փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ինքնաձիգի կրակոցից վիրավորվել, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը։ Վերջինս ոստիկանններին ասել է, որ չի տեսել, թե ով է իր վրա կրակել։ Այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության փորձը) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը։

Նշենք, որ Ս. Միքայելյանը ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը և խոցել Սերգեյի ոտքը։ Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել։ Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը։ Վերջինս գտնվում է փախուստի մեջ։ Հավանական է, որ քրեական գործ կհարուցվի նաև Սերգեյ Միքայելյանի հանդեպ։ Քննությունը պետք է պարզի, թե որտեղից են ձեռք բերվել վերոհիշյալ 2 ինքնաձիգները»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: