«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Դատելով վերջին կադրային նշանակումներից՝ Սերժ Սարգսյանը որոշել է մինչև 2018 թվականը որոշակի փոփոխություններ ապահովել երկրում։ Մարդիկ դժգոհ են իրենց կյանքից և դրա մեղավորն իրավացիորեն համարում են իշխանություններին։ Հիմա երկրի նախագահը որոշել է փոխել «մեղավորներին», բերել մարդկանց, ովքեր թարմություն, նոր աշխատանքային ոճ, իրավիճակը փոխելուն միտված լուծումներ կառաջարկեն։
Մի կողմից՝ Դաշնակցության հետ չպարտադրված կոալիցիան և բավականին ծանրակշիռ պորտֆելների հանձնումը նրանց, մյուս կողմից՝ երիտասարդ, չվարկաբեկված կադրեր բերելը, թերևս, այդ նպատակով է արվում։ Բայց, չգիտես ինչու նոր նշանակումներն արվում են միայն իր մերձավոր շրջապատից։
Նախ՝ հանրությանն անհայտ և մասնագիտական փորձ չունեցող իր օգնականին՝ Գեորգի Կուտոյանին նշանակեց Ազգային անվտանգության ծառայության պետ։ Երեկ էլ ֆինանսների նախարարությունը տարանջատեցին հարկային ու մաքսային համակարգից և կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ձևավորեցին, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։ Անգամ եթե չանդրադառնանք այն փաստին, որ ֆիննախի միավորումը ՊԵԿ-ի հետ տեղի է ունեցել ընդամենը 2 տարի առաջ, և դեռ այն ժամանակ մասնագետները քննադատում էին դա, ասելով, որ չպետք է հարկեր հավաքողն ու ֆինանսներ տրամադրողը նույն կառույցը լինի, միայն այն փաստը, որ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացնում է անձամբ ՀՀ նախագահը՝ շրջանցելով վարչապետին, արդեն շատ բանի մասին է խոսում։
Մասնավորապես այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր անձնական «կուրացիայի» ներքո է վերցնում որոշ կառույցներ, և այն մասին, որ չի վստահում Հովիկ Աբրահամյանին, և վերջապես՝ նշանակումներն անում է իրեն անձնական նվիրվածության սկզբունքով»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: