Թերթն անդրադարձել է զինծառայող Արտակ Նազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործին և նշել, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործը քննվում է արդեն 1 տարի 8 ամիս:
Մայիսի 7-ին դատավճռի հրապարակման օրն է:
Ա.Նազարյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև կապիտան Հակոբ Մանուկյանին, ում պաշտպանությունն իրականացնում են Հրանտ Գևորգյանն ու Արմինե Ղասաբողլյանը:
«Ըստ պաշտպանական կողմի,- գրում է Առավոտ թերթը,- մեղադրող Հարություն Հարությունյանի ճառից հետո նրանք այն տպավորությունն են ստացել, որ նոր ապացույցներ կամ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, ըստ էության, 1 տարի 8 ամիս տևող դատաքննությունն անիմաստ ժամանակի վատնում էր»:
Պաշտպանների հայտարարության համաձայն` քրեական գործը համարվել է չբացահայտված, որովհետև նախաքննության մարմնի կողմից քննության առարկա չի դարձվել, թե ինչպես և ովքեր են բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառել Ա.Նազարյանին մահվանից 6 ժամ առաջ, 3-ից 5 օր առաջ և ավելի վաղ:
Հ.Մանուկյանի պաշտպան Հ.Գևորգյանը հայտարարել է, որ այս քրեական գործում շատ հարցեր կան, որոնք ենթակա են եղել մեկնաբանման նախաքննության փուլում, սակայն չեն պարզաբանվել:


