«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկող երկուշաբթի մեկնարկող քառօրյային ևս չի մասնակցի: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում: Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց:
Վերջին` փետրվարի 25-ին ավարտված ԱԺ քառօրյայից հետո հայտարարվեց, որ Սահակյանի առողջական վիճակը լավացել է, և բժիշկներն անգամ թույլատրել են աշխատանքի գնալ: Սակայն նա մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել և վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն դեռ չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել:
Առաջիկա քառօրյային Սահակյանի մասնակցել-չմասնակցելու մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասաց. «Մինչև ամսի 14-ը կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: