Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է բարեկամ երկրների աջակցությունը, գրում է Time-ը։
Պարբերականը նշում է, որ իր քաղաքականությամբ Էրդողանը զայրացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու նոր թշնամիներ է ձեռք բերում։ Վաշինգտոնին դուր չի գալիս, որ սիրիական հակամարտության հարցում Թուրքիան հարվածներ է հասցնում քրդերին, այլ ոչ «Իսլամական պետության» դիրքերին։
Եվրոպացիները ևս կասկածում են, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործարքի շրջանակում Էրդողանը «գրպանում» է գումարը, որը տվել են նրան փախստականների հոսքը սահմանափակելու համար։
Բացի այդ, պարբերականը գրում է, որ սրվել են երկրի ներսում խնդիրները։ Ռուսական պատժամիջոցները հարված են հասցրել բանկային համակարգին, տուրիզմին ու երկրում շինարարական բիզնեսին, ինչի արդյունքում Թուրքիայի տնտեսությունն աղետալի վիճակում է հայտնվել։
Պարբերականը նշում է, որ Էրդողանը ցանկանում է ընդլայնել իր լիազորություններն ու ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում։ Դրա համար նա փորձում է փոփոխել երկրի սահմանադրությունը։ Սակայն Թուրքիայի նախագահի քայլերն ավելի հաճախ են սկսել չընդունվել։
Որոշ պաշտոնյաներ ցանկանում են սահմանափակել նրա ազդեցությունը, ինչի մասին են վկայում մի շարք գործիչների հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է իրադրությունը երկրում։