Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում մարտի 9-ին 31-ամյա Ռուզան Խուդոյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու կասկածանքով կա ձերբակալված, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում, եւ դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում՝ մարտի 11-ին, տվյալներ են ձեռք բերվել՝ տղամարդու գտնվելու վայրի մասին, և նույն օրը նա ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը:
Դանկահարված Ռուզաննա Խուդոյանի վիճակը կայունացել է, նրան «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:
Նշենք, որ Ռուզան Խուդոյանը մարտի 9-ին դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած արնահոսող վնասվածքներով հայտնաբերվել էր Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, եւ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Հորեղբոր որդին Ռուզան Խուդոյանին կասկածել է ինչ-որ տղամարդու հետ սեռական կապ ունենալու մեջ: Ռուզանն ամուսնալուծված է, երկու անչափահաս երեխա ունի: