«Իրատես de facto» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին: Պարզվում է, մեկնարկել է նաև կուլիսային ակտիվ քննարկումների և հրահանգների շարքը:
Մեր տեղեկություններով, այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի միջև: Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա: Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը մեծ է, և վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջազգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետևում է: Թերևս սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ:
Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրականը, որքանը՝ PR, կերևա ընտրությունների արդյունքներից: Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երևանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: