Մարդկային վաթսուն տեսակ կա` խոլերիկ, ասթենիկ… Եվ վաթսուներորդ` վերջին տեսակը գեղարվեստական խառնվածքն է… Այս գեղարվեստական խառնվածքը գրողն է… Գրող ասելով` հասկանում ենք գեղարվեստական խառնվածք, ոչ թե մարդ, որը զբաղվում է գրականությամբ… Սրանք (այս վերջինները) շատ են, զբաղվում են, և սրանց ստեղծում են կառավարությունն ասեմ, թե համալսարանները… Իսկ գրողին ստեղծում է Աստված… Դժբախտաբար: Գրողն ամենադժբախտ երևույթն է… Գրո՛ղը… Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է: Եթե գրողները չլինեին… Գրող ասելով` գեղարվեստական խառնվածքը նկատի ունեմ, ոչ միայն գրող, այլև նկարիչ, երաժիշտ… Գեղարվեստական խառնվածքը քաղաքակրթության հիմքն է…
Ընդ որում, ես քեզ մի զարմանալի բան կարող եմ ասել`գեղարվեստական խառնվածք էր Քրիստոսը… Տես, քաղաքակրթության նոր փուլ ստեղծեց Քրիստոսը: Այսինքն մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, որտեղ ամբողջ մշակույթը քրիստոնեական է: Մինչև Քրիստոսը ուրիշ մշակույթ էր… Ամբողջ մշակույթը, Վերածնունդը մեծագույն երևույթ են… Ասացի գեղարվեստական խառնվածք է նա` Աստծու ստեղծած… Երբեմն մտածում ես, թե Աստծու ստեղծածն է և սատանան, սատանան խանգարում է: Թե՞ այդ դժբախտությունը սատանայի ստեղծածն է… Եվ այդ ժամանակ, ուրեմն, սկսում ես կասկածել, թե ինչու մարդիկ գեղեցիկն ու բարին են գովերգում, մարդկության ապագան են ուզում ստեղծել… Ստեղծե՛լ… Չէ, բայց դա իրենց ուժերից վեր է` Աստծու փոխարեն ինչ-որ բաներ անելը… Եվ հանկարծ` այսպիսի դժբախտություն… Որովհետև մեկ-մեկ ում անուններն ուզում ես տուր` բոլոր մեծ գրողները, հանճարեղ գրողները դժբախտ են… Չկա՛ երջանիկ գրող…
Աղասի Այվազյան
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը