Այսօր Ազգային ժողովում պատմական օր է: Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծին կողմ է մեծամասնությունը: Քննարկում է ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա առաջին օրինագիծն է իմ կողմից հեղինակած որպես օրենք, որը կարծում եմ ԱԺ-ի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից առաջին հեղինակած օրենքը, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կվերաբերեր ՀՀ ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»,- ասաց հիմնական զեկուցող «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ միանում է տիկին Փոստանջյանի խոսքերին:
«Այս օրը համարենք պատմական օր, որ վերջապես տիկին Փոստանջյանի նախագծերից մեկը կընդունվի, և հուսով եմ բոլորը կողմ կքվեարկեն և վերջինը չի լինի»,- ասաց նա: