ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Տեղեկացնենք, որ Գալուստ Սահակյանն այսօր արդեն գնացել է Ազգային ժողով աշխատանքի։
Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդ էր մեկնել մարտի 14-ին: Նա այն անցկացրել է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պետք է անցներ նաև բժշկական հետազոտություն: ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում: Այցելել էր բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել էր, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել էին ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել էր բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, սակայն մի քանի օրից դուրս է գրվել հիվանդանոցից: