«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Երեկ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների փաստի հետ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, որ դեռևս ընթացքի մեջ է: Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչպես նաև մարզի իրավապահ կառույցի ղեկավարները ևս մասնակցել են երիտասարդի ծեծին, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրի վերահսկող տեսախցիկները:
Ի դեպ՝ ծեծի ենթարկվածը, ինչպես հաղորդվել է, ոստիկանապետի տեղակալի հարազատ եղբայրն է, որն այս պահին չի աշխատում: Վերջինս կադրերի տրամադրության տակ է, և չի բացառվում, որ մոտ ապագայում աշխատանքի անցնի համակարգում: Թե ինչ կլինի անազատության մեջ հայտնված նրա եղբոր հետ՝ դեռևս պարզ չէ:
Նկատենք նաև, որ այս օրերին Գորիսում կեսկատակ-կեսլուրջ խոսակցություններ են շրջանառվում, թե սա միակ աղմկահարույց դեպքն է, որին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամ նրա ընտանիքի անդամները մասնակցություն չեն ունեցել: Ավելին՝ հրապարակված տեսանյութից երևում է, որ դեպքի վայր է ժամանել քաղաքի ողջ «էլիտան»՝ բացի մարզպետից:
Այս հանգամանքը կասկածելի է թվացել շատ գորիսեցիների: Եվ քանի որ Գորիսում ոչինչ չի լինում առանց մարզպետի իմացության կամ մասնակցության, ուստի շատերը կատարվածի հետևում, այնուամենայիվ, փորձում են մարզպետին տեսնել՝ նրան կասկածելով որպես ծեծի պատվիրատու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: