Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է: Նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան՝ ներկվում է կարմիր ձու (հավկիթ):
Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանիշը. դրսի կեղևը՝ երկինքը, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, դեղնուցը՝ երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյունով:
Ենթադրվում է, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին,որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի՝ Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ՝ քարոզելու: Ներկայանալով Իբերիոս կայսրին՝ նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ ՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: