Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:

Օգտակար խորհուրդներ.

  • Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
  • Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
  • Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:

Իսկ այժմ ներկայացնում ենք բնական ներկանյութեր, որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Ձվի ներկում սուրճով (դարչնագույն)

Սա կարելի է համարել ձվերը ներկելու ամենաարագ ու հեշտ տարբերակը: Ներկելու գործընթացն առանձնապես ուշադրություն ու հսկողություն չի պահանջում:
Առաջնային խաշում ենք ձվերը մինչև վերջնական պատրաստ լինելը, այնուհետև պահում սառը ջրի տակ ու փոքր-ինչ հովացնում:
Եփում ենք սև սուրճը՝ 500մլ ջրի համար օգտագործելով 6-8 թեյի գդալ սուրճ: Պատրաստի սուրճը լցնում ենք խորը տարայի կամ բաժակի մեջ, ապա ձվերը զգուշությամբ ընկղմում նրա մեջ ու թողնում այդպես 2,5-3 ժամ՝ մինչև ցանկալի երանգի ստանալը:

guyner-1

 

Ձվի ներկում կարկադեով (երկնագույն)

Կարկադեով ձվի ներկումը շատ հեշտ է: Պատրաստում ենք կարկադեն մուգ կարմիր երանգով, լցնում խորը ամանի մեջ, այնուհետև նախապես խաշած ձվերը զգուշությամբ տեղափոխում թուրմի մեջ ու թողնում այդպես մի քանի րոպե:
Անպայման ուշադիր եղեք և ձվերը երկար ժամանակով թուրմի մեջ մի թողեք, այլապես հնարավոր է ստանաք տհաճ մոխրագույն երանգ:

guyner-2

 

Ձվի ներկում սպանախով (կանաչ)

Սկզբի համար լվանում ու չորացնում ենք սպանախը, փաթաթում ձվի վրա և վրայից թելով ամրացնում մի քանի տեղից: Այնուհետև տեղադրում ենք ջրի մեջ և եփում մինչև ձվերի պատրաստ լինելը: Կարելի է եփելուց հետո ևս 15 րոպե ձվերը թողնել ջրի մեջ, որպեսզի ավելի հագեցած կանաչ գույն ստանանք:

guyner-4

 

Ձվի ներկում բազուկով (վարդագույն)

Վերցնում ենք միջին չափսի 2 հատ բազուկ ու խորանարդիկներով կտրատում, ապա ավելացնում 1/4 բաժակ սպիտակ քացախ և 3 բաժակ ջուր: Զանգվածը դնում ենք գազօջախին ու եռացնում, որից հետո թուլացնում ենք կրակն ու եռացնում ևս 30 րոպե:
30 րոպեից հետո քամում ենք զանգվածը: Բազուկից ստացված կարմիր հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե (ջրի մեջ ավելի երկար պահելու դեպքում կստանանք լավ մուգ վարդագույն՝ կարմիրին մոտ երանգ):
Ահա և վերջ: 

guyner-5

 

Ձվի ներկում զաֆրանով (նարնջագույն)

Եթե ունեք զաֆրան (шафран), ապա կարող եք ներկել ձվերն ու ստանալ գեղեցիկ նարնջագույն երանգ: Դրա համար 2 պտղունց զաֆրանը լավ խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռման ջուր: Լավ խառնում ենք և թողնում այդպես մնա 5-10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Այնուհետև ստացված լուծույթի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերը և թողնում նվազագույնը 30 րոպե: Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ նարնջագույն երանգ, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել զաֆրանի չափաբաժինը:

guyner-6

 

Ձվի ներկում կաղամբով (կապույտ)

Կաթսայի մեջ լցնում ենք 400գր մանր կտրատած կապույտ կաղամբ, 1/4 բաժակ քացախ ու 1լ ջուր: Հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի, այնուհետև թուլացնում կրակը և եռացնում ևս 30 րոպե:
Քամում ենք ստացված զանգվածը: Հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե:
Արդեն կապույտ երանգ ստացած ձվերը հանում ենք ջրից և չորացնում։

guyner-7

 

Ձվի ներկում քրքումով (դեղին)

2 թ/գդ քրքումը խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռացրած ջուր, լավ խառնում և թողնում այդպես 10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Նախապես խաշած ձվերը տեղադրում ենք ստացված խառնուրդի մեջ ու թողնում այդպես 30 րոպեից ոչ պակաս մինչև ցանկալի երանգի ստացումը:
Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ դեղին, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել քրքումի չափաբաժինը:

guyner-8

Ձվի ներկում սոխի կեղևով (շագանակագույն)

Վերցնում ենք 4-5 հատ սոխ և կեղևազրկում: Կեղևները լցնում ենք կաթսայի մեջ ու վրան ավելացնում 4 բաժակ ջուր: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո թուլացնում կրակը ու եռացնում ևս 15 րոպե: Ջրին ավելացնում ենք 3ճ/գդ աղ և 3 ճ/գդ սպիտակ քացախ:
Տեղադրում ենք հում ձվերը սոխի կեղևներով ջրի մեջ ու եռացնում 10 րոպե՝ մինչ ցանկալի երանգի ստացումը:

guyner-3