ArmMod Fashion նախագծի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ դիզայներ-մոդելավորողներ հնարավորություն ստացան իրականացնել երազանքները և ներկայացնել իրենց յուրահատուկ աշատանքները:

Նախագծի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը ցուցադրությանը ներկա գտնվող YN.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը շարունակական է լինելու և կազմակերպվելու է ամիսը մեկ անգամ:
«Բացի ուսանողներից և շրջանավարտներից մեր ցուցադրություններին կարող են մասնակցել և հանրությանն իրենց աշխատանքները ներկայացնել նաև անհատ մոդելավորողները, որոնք կարող են դիմել մեզ շաբաթվա բոլոր օրերին,- ասաց Ռուբինան և հավելեց,- Հենց այս ցուցադրության հետ կապված, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և ներկաներին: Սպասելիքներս արդարացան և վստահաբար կարող եմ ասել, որ մեր մեծ ծրագրի սկիզբը կարելի է կայացած համարել»:

Ցուցադրությանը ներկայացած զգեստները հագեցած էին եգիպտական, հնդկական, ռուսական, իսպանական, ճապոնական մշակույթից վերցված տարրերով, սակայն շեշտը դրված էր ազգայինի վրա, քանի որ ցուցադրությունը կրում էր «Հայկականը նորաձև է» խոստումնալից կարգախոսը:
«Նռան գույնը», «Լեռների լեգենդները», «Խաչքար» և այլ հետաքրքիր խորագրերով ներկայացված ցուցադրություններից հետո երեկոն եզրափակվեց հայտնի դիզայներ-մոդելավորող Արամ Նիկոլյանի «Սև բյուրեղապակի» զգեստների հավաքածուն:

Միակ տղա մասնակիցը հանդես եկավ «Լեռների լեգենդները» խորագրով հավաքածուով։

 Արամ Նիկոլյանը կոչ արեց երիտասարդ մոդելավորողներին, որ ավելի աշխատասեր լինեն, էլ ավելի շատ սիրեն իրենց աշխատանքը և ավելի հետաքրքիր դիզայներական լուծումներ առաջարկեն:

 Ցուցադրությանը ներկա էին նաև հայտնի հայ դիզայներներ Արփինե Կոշտոյանը, Արմինե Մարտիրոսյանը և Արմինե Այանյանը, ում AMI MANAY բրենդի աքսեսուարների ցուցահանդես-վաճառքը հաջորդեց զգեստների ցուցադրությանը: