Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թ. համալիր ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ծրագրով նախատեսվում է ստեղծել բազային երկրատեղեկատվական քարտեզագրական համակարգ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման և այլ բնագավառների խնդիրների լուծման համար: Օդալուսանկարահանման նյութերի հիման վրա կստեղծվի քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ համայնքների կադաստրային քարտեզներում կիրականացվեն անճշտությունների ու սխալների վերացման աշխատանքներ, կստեղծվեն ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրություններ: Ընթացիկ տարում կշարունակվեն ՀՀ աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, կստեղծվեն տարաբնույթ տեղեկատուներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մարտին Սարգսյանից հարցրեց, թե նախորդ տարի որքան չեն կատարել բյուջեն, ինչին ի պատասխան՝ Մարտին Սարգսյանն ասաց. «12 տոկոսով»:
«Հետո մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ Ձեզ էլի: Ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ Ձեզ ևս մեկ անգամ»,- հիշեցրեց Հովիկ Աբրահամյանը: