Բրյուսելի ահաբեկչական հարձակումների վերաբերյալ վերլուծաբանները հիմնականում երկու պատճառ են նշում. առաջինը փախստականական ճգնաժամը, փախստականների ներհոսքը Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա: Երկրորդ պատճառ է նշվում այն, որ թերացել է անվտանգության համակարգը: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց արևելագետ Սուրեն Մանուկյանը:
- Իհարկե, այս երկու պատճառն էլ ընդունելի են, բայց ես կարծում եմ, որ սրանք ընդամենը «այսբերգի» երևացող կողմն են: Իրականում, պատճառներն ու խնդիրները շատ ավելի խորքային են, քան այն, ինչ մենք փորձում ենք ներկայացնել այսօրվա իրադարձությունների համատեքստում: Եթե Բրյուսելի և Փարիզի ահաբեկչությունները լինեին եզակի, արտառոց Եվրոպայի պատմության մեջ, ապա մենք կարող էինք ասել՝ ճիշտ է, փախստականների ճգնաժամ է և նրանց մեջ կան նաև ԻՊ ահաբեկիչներ: Սակայն չմոռանանք, որ որոշ ժամանակ առաջ՝ 2005թ.-ին, Լոնդոնում եղան պայթյուններ. այդ ժամանակ, որպես այդպիսին, դեռ չկար Իսլամական պետություն և փախստականական ճգնաժամ: 2003թ.-ին Մադրիդում տեղի ունեցավ շատ ավելի մեծ պայթյուն: Այսինքն, Եվրոպան որոշ ժամանակը մեկ հանդիպում է նման դեպքերի: Բացի այդ, կան նաև «պոտենցիալ» ահաբեկչական գործողություններ, որոնց մենք ականտես չենք լինում: Դրանց ականատես են լինում միայն մասնագետները, ովքեր հետևում են այդ ամենին: Պարբերաբար ես էլ եմ հանդիպում, օրինակ, որ Գերմանիայի այս քաղաքում ձերբակալվել են այսքան մարդիկ պայթուցիկ նյութերի որոշակի քանակությամբ: Դրանք «պոտենցիալ» ահաբեկչական գործողություններ են, որոնք հնարավոր է եղել կանխել:
Ըստ նրա, այս դեպքում խնդիրը պետք է փնտրել տարբեր ազգերի աշխարհայացքների բախման մեջ: Որքան էլ Եվրոպան փորձի այդ բախման վրա չսևեռվել և ասել, որ մարդկանց չի կարելի մեղադրել միայն գաղափարների և կրոնի համար, բայց պետք է հաշվի առնել դրա գոյությունը:
- Ես կարծում եմ, որ հենց արժեքային համակարգերի բախումն է, որ Եվրոպային կանգնեցնում այսպիսի խնդիրների առջև: Եվրոպան դարեր շարունակ օգտագործել է արևելքի ռեսուրսները, բարիքները և հնարավորությունները: Եվ արևելքում ապրող մարդու համար շատ պարզ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ ես չեմ կարող գալ ապրել ավելի լավ տեղ, հատկապես, եթե այդ տեղը իմ շնորհիվ է ավելի լավը դարձել: Իրենք ասում են, որ Եվրոպան, կոպիտ ասած, պարտք ունի մեր առջև և եթե մենք փախստականի կարգավիճակով եկել ենք Եվրոպա, մենք չենք եկել խնդրելու, մենք իրավունք ունենք այստեղ ապրելու:
Այս հարցի երկրորդ կողմն այն է, որ Եվրոպան, ցավոք սրտի, չի ուզում դա հասկանալ և ընդունել: Եվրոպան այսօր պատրաստ չէ կիսվել: Եթե այսօր Եվրոպան ուզում է կանխել ահաբեկչությունը, ապա դա չպետք է անի Բրյուսելում, Բելգիայի սահմանին կամ Փարիզում, դա պետք է անել Սիրիայում, Բաղդադում և այլ վայրերում:
Խոսելով Բրյուսելի ահաբեկչությունները ՌԴ գործողությունների հետ կապելու մասին, արևելագետը նշեց, որ եթե իսլամիստները խնդիր ունենային լուծելու Ռուսաստանի հետ, ապա ահաբեկչությունները ՌԴ տարածքում կիրականացվեին:
Սուրեն Մանուկյանը հաստատում է, որ անվտանգության համակարգը թերացել է, բայց մեջբերում է նաև մեկ չգրված օրենք. «երբ մահապարտ-ահաբեկիչը գնում է իր առաքելությունը կատարելու, ապա իրեն կարելի է կանգնեցնել միայն պատահականության շնորհիվ»:
- Եվս մեկ կարևոր հանգամանք. Փարիզի դեպքերից հետո Օլանդը հայտարարեց՝ «մենք պատերազմի մեջ ենք»: Բայց բանն այն է, որ սրանից հետո Եվրոպայում ոչինչ չփոխվեց: Իրենք ինչպես ապրում էին, այդպես էլ շարունակեցին ապրել: Սա սխալ է. եթե դու պատերազի մեջ ես, ապա պետք է քո կենցաղային ամենօրյա կյանքի մեջ ինչ-որ փոփոխություն ունենաս: Սակայն եվրոպացիների կյանքում ոչինչ չի փոխվել: Օրինակ՝ 2001թ.-ի Նյու-Յորքի ահաբեչկությունից հետո ԱՄՆ իշխանությունները կտրուկ քայլեր ձեռնարկեցին և մարդիկ ընդունեցին դա: Նրանք ընդունեցին, որ իրենց հեռախոսները կարող են գաղտնալսվել, էլեկտրոնային փոստերը ստուգվել, իրենց կարող են ցանկացած պահի կանգնեցնել և ստուգել: Եվ այժմ, արդեն 16 տարի է, նրանք ապրում են առանց խոշոր ահաբեկչությունների: Նրանք փոխեցին իրենց կյանքը, իսը եվրոպացիների մոտ ես նման բան չեմ նկատում: