Ճանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունքում պետությանը պատճառվել է 109 427 000 դրամի վնաս: Այսպիսի եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատում՝ ուսումնասիրելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրականացրած ավտոճանապարհների շինարարական ծրագրերը:
Ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումներն ու խախտումները սկսվել են դեռեւս նախագծային փուլում: Այսպես, նախագծային կազմակերպությունների կողմից կիրառվել են որեւէ ձեւով չհիմնավորված արժեքներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են իրական արժեքի չափը, մի այլ դեպքում էլ, օրինակ, բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել են նախկին ԽՍՀՄ-ում կիրառված, եւ ներկայում մեր երկրում այլեւս չգործող արժեքներ:
Նախագծողներն, օրինակ, հաշվել են, որ շինարարներն ամբողջ ճանապարհի երկայնքով հողը փխրեցնելու են բացառապես պայթեցման միջոցով կամ լավագույն դեպքում՝ հետահար մուրճով: Բնականաբար այս տարբերակով արժեքն իրական գնից մի քանի անգամ ավել է ստացվել:
Նախագծերում չեն նշվել նաեւ օգտագործվող նյութերի ծագման աղբյուրները, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ։ Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար, որն ավելի էժան է։
Ավելորդ չէ նշել, որ նշված թերություններն և բացթողումներ շրջանցել են նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները։ Փոխարենը բավական կլորիկ գումարներ են ստացել իրենց այս աշխատանքի դիմաց: Օրինակ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացել է 1 160 760 ԱՄՆ դոլար:
Մեկ ուշագրավ փաստ եւս. Վերահսկողությունն իրականացնող ընկերությունը Հայաստանում բարձրագույն կրթությամբ, 15 տարվա ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ինժեներ իչ գտել եւ որոշել է աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 000 ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք։
ՀՀ-ում չեն գտնվել նաեւ նոր մետաղական խողովակներ: Այդ պատճառաբանությամբ տեղադրվել են օգտագործված խողովակներ՝ բնականաբար ավելի ցածր գնով:
Բացի այդ, պարզվել է, որ կառուցապատողները խախտել են նաեւ ճանապարհի ծածկույթի բաղադրության համար հաստատված նորմերը: Արդյունքում բոլոր տեսակի ճանապարհների եւ բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող ճանապարհների համար օգտագործվել է նույն ասֆալտբետոնյա խառնուրդը:
Այսպիսով, ՎՊ-ի ստուգման շնորհիվ պարզել է, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կատարվածից ավել է ցույց տրվել 53 205 000, «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն՝ 16 772 000 դրամի աշխատանքներ: Փոխարենը նրանց կատարած աշխատանքներն ընդունողները չեն իրականացրել համապատասխան նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12,931.0 հազ. դրամ։
Երկու ընկերությունները միասին իրականացվել են 15 188 000 դրամի անորակ աշխատանք, նրանց կատարած աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 519 000 դրամ գումարը,-գրում է Փաստինֆոն։