«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:
Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում՝ 1000 խմ-ի գինը կդառնա 145-146 դոլար: Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում՝ նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից:
Սպասվում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլարի»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում