Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:
Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ և մի քանի լուսաբանումներ սփռել, որոնք, կարծում ենք, վերջ կդնեն նման խոսակցություններին: Ցավում ենք, եթե որևէ մեկին անհարմարություն է պատճառվել, և բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի ապասարկումը լինի բարձր մակարդակով: Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերոբերյալի մասին.
1. Ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթևեկությունը ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են:
2. Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները և վնասները:
3. Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով:
4. Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար
5. Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ,որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում:
6. Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում:
7. Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:
8. Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը:
9. Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով
10. Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը:
Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք:
Հայցում ենք ձեր ներողամտությունը սպասարկման որևէ անհարմարության համար և շնորհակալությու՛ն ըմբռնման և համագործակցության համար:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան