«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 17-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունների քաղաքապետի թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի բացման օրը քարոզչությամբ զբաղվողների թվում էին նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ):
Միջոցառումը սկսվել է ժամը 16.00-ին, այսինքն՝ աշխատանքային ժամին: Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետն արգելում է քարոզչությամբ զբաղվել «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև՝ պետական և համայնքային ծառայողներին…իրենց լիազորություններն իրականացնելիս»: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա գնահատականը վերը բերված փաստի վերաբերյալ: «Կարապետ Գուլոյանը ամսի 30-ից գտնվում է արձակուրդում և նա նշված միջոցառմանը սկզբունքորեն չի մասնակցել որպես մարզպետ, իսկ Արամ Հարությունյանը հանդիսանում է ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, այլ նախ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ և երկրորդը՝ նշված միջոցառմանը ներկայացել է ոչ որպես պետական մարմնի ներկայացուցիչ, այլ կուսակցական գործիչ»,- պատասխանեց Մուկուչյանը: Նախ տեղեկացնենք, որ իրականում Կարապետ Գուլոյանը արձակուրդում չէ, չնայած, որ նա այդ մասին հայտարարել է:
Ի վերջո, Մուկուչյանը գոնե պետք է տեղյակ լինի, որ մարզպետի արձակուրդում գտնվելը ոչ թե հայտարարությունով, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ է լինում, որը տվյալ դեպքում գոյություն չունի (մենք փաստեր ունենք): Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում, Արամ Հարությունյանը հայեցողական պաշտոն է զբաղեցնում, նույն մարզպետը ևս հայեցողական պաշտոն է:
Օրենքը հստակ սահմանում է, որ պետական պաշտոնյաները աշխատանքային ժամին իրենց գործով պետք է զբաղվեն, քանի որ դրա համար մեր` հարկատուների հաշվին վարձատրվում են: Ավելին՝ օրենքն արգելում է չինովնիկին չարաշահել պաշտոնեական դիրքը:
Այնպես որ, լավ կլինի, եթե Տիգրան Մուկուչյանն իր անմիջական պարտականություններով զբաղվի և ապահովի ԸՕ-ի միատեսակ կիրառումը, ոչ թե փորձի Գուլոյանի և Հարությունյանի համար «ալիբիներ» հորինել: «Սիրուն չի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: