Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղամ Ս.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա հարձակում է եղել, վնասել են տանտիրուհուն և դիմել փախուստի, սակայն գողություն չեն կատարել:
Նույն օրը, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ հիշյալ բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 1948 թ. ծնված Նուրիցա Թ.-ին:
Մարտի 29-ին, ժամը 12-ին, Նուրիցա Թ.-ն հաղորդում էր տվել, որ մարտի 28-ին, ժամը 21.30-ին, իր ամուսնու եղբորորդին` 1986 թ. ծնված Գևորգ Գևորգյանը, ձեռքերով հարվածել է իր գլխին, ապա ձեռքով և բարձով փակել բերանը: Իր օգնության կանչերին արձագանքել են հարևանները, ինչից հետո Գևորգ Գևորգյանը դիմել է փախուստի:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Մարտի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ, Գևորգ Գևորգյանը հայտնաբերվել է ԼՂՀ-ում և բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Քննությունը շարունակվում է: