ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից բռնության վերջին դեպքերին:

«Ըստ երևույթին՝ Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ ԼՂ հարցում ոչ կառուցողական կեցվածքի և մարդու իրավունքների խախտումների հարցում միջազգային հանրության աճող քննադատությունների ներքո»,-գրել է Տիգրան Բալայանը:

Նա նաև հայտնել է, որ գիշերն Ադրբեջանը հրետանային կրակ է բացել ու բռնություն է կիրառել շփման գծի ողջ երկայնքով։

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: